«Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ն շարունակում է իրականացնել էներգախնայող ծրագրեր Վայոց ձորի մարզում

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Սույն թվականի մարտի 12-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ արևային կայանի տեղադրման ավարտն ազդարարող միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, թանգարանի տնօրեն Կարինե Ստեփանյանը, Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ Աղաս Հովհաննիսյանը և Հուսիկ Հարությունյանը, աշխատակիցներ «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ից, ինչպես նաև թանգարանի աշխատակազմը։

Թանգարանի տնօրենն իր ողջույնի և շնորհակալական խոսքում անդրադարձավ արևային կայանի տեղադրման անհրաժեշտությանը։ Արևային էներգիայից օգտվելու հնարավորությունը թույլ կտա թանգարանին հավելյալ արտադրվող էներգիայի գումարն ուղղել թանգարանի առաջնահերթ կարիքներին (ժամանակավոր ցուցադրության սրահի կահավորում, ցուցանմուշների վերականգնում, բացօթյա ցուցասրահի բարեկարգում և այլն):

Ելույթի խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Մկրտչյանը` անդրադառնալով ՀԿ-ի կողմից իրականացված նմանատիպ ծրագրերի կարևորությանն ու առաջնահերթությանը (հատկապես սահմանամերձ բնակավայրերում)։

Միջոցառման ավարտին ներկա հյուրերը շրջայց կատարեցին թանգարանում և ծանոթացան առկա նմուշներին։

Հիշեցնենք, որ ծրագիրը կյանքի կոչվեց ՀԿ-ի երկարամյա գործընկեր գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ։

Պատասխանել