«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն (հասարակական կազմակերպություն) իրավահաջորդն է «Սյունիք» ԲՀԿ-ի, որը հիմնադրվել է 1995 թվականին: Գործունեության քսան տարիների ընթացքում ՀԿ-ն դարձել է ամենամեծ հասարակական  կազմակերպությունը հարավային  Հայաստանում և սերտորեն համագործակցում է տեղական և միջազգային  կազմակերպությունների  հետ:

1995-2001 թթ.-ին կազմակերպությունն իրականացրել է մասնավորապես բարեգործական աշխատանքներ՝ հագուստի և դեղորայքի տրամադրում կարիքավոր ընտանիքներին, բարեգործական ճաշարաններ, բնապահպանական ծրագրեր, հոգեբանական և բժշկական աջակցություն, ինչպես նաև կարճաժամկետ ծրագրեր ծնողազուրկների և փախստականների համար:

2001-2006 թթ.-ը կազմակերպության համար անցումային փուլ էր, որի ընթացքում իրականացվեցին սոցիալական ծառայության կենտրոնների հիմնում, լիդերների, ֆասիլիտատորների, ֆերմերների վերապատրաստում, երիտասարդական ճամբարներ և ոռոգման ջրագծերի կառուցում, ֆերմերային տնտեսությունների ստեղծում և այլն։

2006 թ.-ից «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվել են համայնքային զարգացման ծրագրեր՝ գյուղատնտեսական, համայնքային կենտրոններ, միջսահմանային երիտասարդական վերապատրաստումներ, ամառային կրթական ճամբարներ, իրավաբանական և առողջապահական խորհրդատվություն, միջազգային վերապատրաստումներ և տուրիստական նախաձեռնություններ: «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Կովկասյան տարածաշրջանում խաղաղության ծրագրեր իրականացնող առաջին և հիմնական դերակատարներից է:

2013 թ.-ի ապրիլին ՀՀ Իրավաբանական Անձանց Պետական Ռեգիստրի լիազորությամբ  կազմակերպությունը «Սյունիք» բարեգործական  հասարակական կազմակերպությունից վերանվանվեց  «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպության, ինչը պայմանավորված է կազմակերպության կողմից իրականացվող նոր զարգացման ծրագրերով: Սա սոսկ անվան փոփոխություն չէ, այլ արմատապես անդրադառնում  է ՀԿ-ի գործունեությանը և արդյունքներին: Այսօր Սյունիք-Զարգացում ՀԿ-ն աշխատում է առանձնացված հետևյալ ոլորտներում՝ սոցիալական, գյուղատնտեսության, երիտասարդական, և զբոսաշրջության զարգացում։ Բաժինները ղեկավարվում են հմուտ և փորձառու աշխատակիցների կողմից: