ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽՑԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Խաչատուր Մարտիրոսյանն է, Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղից, ով Հայաստան է տեղափոխվել իր մոր, քրոջ և եղբայրների հետ։

«Երբ սկսեցին կրակել ու դպրոցն էլ վտանգի տակ էր, դպրոցից դուրս եկանք։ Բոլոր աշակերտները վազեցին դպրոցին մոտ գտնվող տուն։ Գնացինք այդ տան նկուղ, ամենաապահով նկուղն էր, ծածկված էր 3-4 տոննա քաշով պանելներով (երկաթբետոնե)։ Նկուղում մնացել ենք 7-8 ժամ, հետո Արգամ անունով մի մարդ իր մեքենայով մեզ տարավ Պողոսագոմեր գյուղ, գյուղապետը վառելիք տվեց, որ հասնենք Հայաստան ու երեք օր ճանապարհ եկանք։ Մեքենայի մեջ 30-40 հոգի էինք։

Երբ Արցախից դուրս էինք գալիս անցակետում մի տուփ քաղցր ու ջրի երկու շիշ տվեցին ինձ, ամբողջը ձորն եմ նետել։

2020 թվականի պատերազմի ժամանակ էլ այս ճամբար էինք եկել, այս անգամ էլ եկանք այստեղ։

Արդեն գնում եմ դպրոց, դպրոցում դասին առաջինը ես եմ ձեռք բարձրացնում, ընկեր Վարդանյանն էլ զարմանում է, որ ես առաջինն եմ ցանկանում քարտեզի վրա մի քանի երկրներ ցույց տալ։
Ճամբարում առավոտյան արթնանում ենք, նախաճաշում ենք ու գնում ենք դպրոց, հետո դասից գալիս ենք, ճաշում ենք, խաղում ենք, դասերը պատրաստում, ձմռան ցախերն ենք դասավորում, հետո ընթրում ու քնում»։

 

Պատասխանել